Ավարտվող օրը աչքերը փակում է
և վերհիշում կրած 24-ժամյա
տառապանքը հյուծիչ – րոպե առ րոպե,
մանրակրկիտորեն:-
Հասկացավ՝ ինքը ժամանակատեր չէ,
այլ մի ճոճուն վայր, ուր մարտնչում են
իղձերն իրար հետ,
հուշերն իրար դեմ
և դրվագներն են միմյանց խաչ հանում:-
Դու ամենաթեժ դրվագն էիր, երբ
հանկարծ հատեցիր կարմիր սահմանը
և անդարձության աշխարհը մտար -
ուրիշի փեթակ անակնկալ խուժած
մայր մեղվի պես.-
ցնցվեց գալիքը, որ ժամանում էր
հոգու տոներով, ընծաներով բախտի,
հիմա նա կարող է առերեսվել մեզ հետ
լոկ մուրհակով ու անսրտությամբ:-
Բայց քեզ կգտնի
պատրանքներում ծպտված օրս թևավոր:
26.04.2024
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ